ՈՒրեմն, ԵՊՀ-ին կից տարածքն արդեն վճարովի ավտոկայանատեղի է:
Այնտեղ ժամը 15:00-ից մինչև 08:00-ն որոշակի գումարի դիմաց կարող է կայանվել ցանկացած ավտոմեքենա:
Կայանման ամսական վճարը կազմում է 20 000 ՀՀ դրամ: Տարեկան հատուկ վճար սահմանված չէ, ինչը նշանակում է, որ այն կկազմի 240 000 ՀՀ դրամ: Ավտոկայանատեղիի աշխատանքներն իրականացնում է Lucky Parking-ը, որն ունի ցուցանակ, հեռախոսահամարներ, սակայն ցուցանակի վրա չկա իրավաբանական հասցե, ՀՎՀՀ և հարկային այլ տեղեկություններ:
ԵՊՀ անվտանգության աշխատակիցն ասում է, որ ԵՊՀ-ն ավտոկայանատեղիի կազմակերպման հետ առնչություն չունի: Վերջինիս կարծիքով, Lucky Parking-ը փոխկապակցված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դե, ինչ: Շնորհավորում եմ, ԵՊՀ-ն նոր բիզնես է հիմնել:
Չմոռանամ նշել, որ, ըստ Lucky Parking-ի, վերջինս գործունեություն է իրականացնում ոչ թե ԵՊՀ-ում, այլ` ՊԵՀ-ում: Ըստ երևույթին, այդպես են գրել ՊԵԿ-ին, կներեք, ԿԵՊ-ն ապակողմնորոշելու համար:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Իսկ թե ինչ է նշանակում Lucky Parking, ովքեր են դրա տերերն ու վերջիններիս հետ փոխկապակցված անձինք, կպարզվի տեսանելի ապագայում: